Monday, March 31, 2014

աստղերը կրակ ընկած

ստիպված պիտի քարշ տամ քեզ, հոգիս
մահացած մարմնիս միջով, որ հասնենք
մի գագաթնակետ սիրո աստվածային,
խցկվենք բառերի մեջ որ մնացել են
աչքերիս եզրերին: հիշում ե՞ս
որ ստիպում էի քեզ չշնչել,
ժխտում էի քո թափանցիկ ու թեթև
գոյությունը: ամբողջ գիշեր չէի քնում
ու ամբողջ օր սուրճ խմում, դողում
ինքնավոչնչացման արագությունից:
իսկ ձախ կրծքիս մեջ կուտակվում էին
չզգացված օրերս՝ կատաղած ծանրությունով սպառնում,
որ կհարձակվեն սրտիս դեռ առողջ բջիջներին:
տես որ հիմա էլ եմ քեզ խաբում:
մեր միջև սեր չկա, հոգիս: մարմին չունեմ
որ սիրտս զարկի ու արյանս մեջ ալիքներ տարածի:
ես քեզ գարուն նվիրել չեմ կարող
կամ գարնանը նվիրվել քեզ:
ստիպված պիտի քարշ տամ քեզ
հոգիս, մարմնիս ավերակների միջով:
արի մի անկյուն գտնենք 
նյութական աշխարհից դուրս:
ուզում եմ քեզ անխոհեմ սիրել, լռել
քո կողքին, բացվել
ու քեզ բաց թողնել,
այլևս քեզ չմեղադրել ու չտանջել
իմ պտտվող մեծամիտ աշխարհում:
խոստացիր որ ինձ էլ լուռ կսիրես,
կողքիս կկանգնես ու կմասնակցես
մեր վերջին բաժանման ծեսին: 
պատկերացրու ինչ գեղեցիկ կլինեն
գույները մայրամուտի ու աստղերը
կրակ ընկած կշտապեն մեր սիրո թաղմանը:
վերջում կապույտ չեզոք երկնքի տակ
անհոգ քարեր կդառնանք:
ոչ մեկ չի իմանա մեր մասին:

No comments:

Post a Comment