ինչպես միշտ ես սպիտակ եմ, կիսասպիտակ
աղտոտված սպիտակ ա իմ սպիտակը
էս սպիտակ երկրում որտեղ դու հակառակն ես համարվում
որտեղ հարազատի պես ինձ ընդունում ես քո տուն
որտեղ վերջապես քո սեղանի շուրջ թույլ է տրվում
ձեռքերով մտնել ամանի մեջ
թաց ու կպչուն հացի գունդը խառնել
կանաչ ոլոռի հետ, մինչդեռ մնացած հյուրերը
պատառաքաղ ու դանակով ձուկ են ուտում
ու պատմում
որ հոգնել են թաց ու կպչուն հացից
կանաչ ոլոռից ու սպիտակ գույնի կողմից
սևին հյուծելու ցանկությունից
ինձ էլ են վարժեցրել սևի դեմ ապրել
ճամփին հանդիպած սև կատուներին անիծել
սև ցուցակ, սև օր, սև շուկա ասելուց չքննադատել
բառերի ընտրությունը, մթից վախենալ, չխորանալ
ներքին խավար հոգու միջուկի մեջ
համոզել են, որ ես էլ կարող եմ սպիտակ լինել
հասնել սպիտակության գագաթնակետին,
կամ ձգտելով երբեք էլ չհասնել
հիմա էլ ասում ես որ ինձ արաբ կասեն
քո երկրում, արաբ ով ժամանակին եկել է հյուսիսից
ու գրավել ամեն ինչ,
ոչ սպիտակ ոչ էլ սև
բայց ուրիշ
գիշերվա վարագույրի տակ ավելի թունդ սևը
բացել է մեր գույները,
անցել ենք մաշկի գույնի չնչին թվացող
բայց կարևոր երանգներին,
մոմեր ենք վառում որ տոնենք երկրագնդի ժամը
լույսերը անջատած, խոհանոցի սեղանի շուրջ նստած
ասում ես որ չես սիրում մոմի լույսի տարածվող տխրությունը
բնական մթությունից գլուխդ ցավում ա
ու հիմա նյարդայնացած քայլում ես
սենյակի մի ծայրից մյուսը
տապակած բանանով պատրաստած
խմորեղեն բոլորին հյուրասիրում
ես գիտեմ որ ես արհեստական լույսի ներկայության
կարիքն եմ քո անկողնում,
երբ ինձ ընկալում ես որպես հայելի,
որն արտացոլում է սպիտակության գերադասությունը
աշխարհում, միևնույն ժամանակ իմ սև մազերն էին
որ սկզբից քեզ գրավեցին, կլանող մթությունը իմ աչքերի
միգուցե ես այն եմ ինչ լինում է մեջ
տեղում, սահմանների արանքում
մարտահրավերներ եմ նետում թե սևին
թե սպիտակին, այդ երկկողմանի ռետինը
որ մնացած բոլոր գույներին
ջնջել է ուզում
երկրագնդի ժամին ոչ անտառների կանաչն եմ դառնում
ոչ արևի շողերի պես դեղին
ոչ կակաչից ոգեշնչված կարմիր
ոչ էլ կապույտ ծովի
անսահմանություն
ինձ ներկել է գորշ փոշին
մոռացության գույն
No comments:
Post a Comment