Sunday, August 18, 2019

աղոթքաանեծք մարմնիս



կուզեի մեջքս հպվեր ծովին ու վերածվեր ջրի մակերեսի,
տարածվեր ամբողջ երկայնքով մի ափից մյուս ափ, 
բայց ոտքերս չկպնեին ավազի, ապրածս կյանքում ոչ մի անգամ 
չիմանայի ոտքերիս մասին, չիմանալով հպումը ոտքի թաթի 
որևէ ցամաք մարմնի 

կուզեի կրծքավանդակս բացվեր դեպի անձրևոտ երկինք
ու ամեն մի կաթիլ սեր խոստովաներ մաշկիս ամեն մի բջիջի,
այնքան անկեղծ ու անկասկած, 
որ բոլոր ոսկորներս քայքայվեին մաշկիս տակ 
երկնքից թափվող՝ ամեն մի կոշտ բանը փոշիացնող սիրուց  

կուզեի բարդիների պես տխրել իմանայի քամու տակ
հանգիստ պարեի տխրության ամեն մի նոր եկող ալիքի հետ, 
շունչս ազատ լիներ հոսելու կանաչ կանաչ
առանց ճյուղերիս մեջ թրթռացող կենադնիներից տագնապելու 

կուզեի վերջապես ստամոքսս իր բռունցքն ազատ արձակեր 
ու ներսից ձեռքի ափը մեկներ մարմնից դուրս,
հրավիրեր մարդկանց միասին ընթրելու իր շուրջ
ու վերցներ իր համար հարմար մի դեղ սեղանից
ու չկծկվեր ամեն մի անբուժելի ցավից 

կուզեի բերանս բացեի ու կոկորդս ործկաի
այլևս կարիք չունենայի այդքան նեղ ու ճնշված օրգանի,
որ աշխարհը միայն այդ նեղ պատերին հպվելով
ու երբեմն զոռով կուլ չգնար, չներքնայնանար ու նստվածք չթողներ
ամեն մի անկյունում մարմնիս ներսի

կուզեի գլուխս հետ ընկներ ու կախվեր պարանոցիս եզրից
այնպես, որ աչքերս միշտ մեջքիս հետևից տեսնեին վտանգ թե վիշտ 
ու պաշտպանեին ինձ այդ չարիքներից
ու անհանգիստ մտքերից ծանրացած գլուխս մի օր
կախվեր ավելի ցած, պոկ գար երկրագնդի ձգողականության տակ
ինքն իրեն թաղեր հողի տակ

No comments:

Post a Comment