տերևները թափվում են աչքիս առաջ
ներքևի հարևան կոշկակարը հայացքը վերև է գցում
ու տեսնում է ինձ պատուհոնից կախված ծխելիս
արևի լույսի տակ ավելի պարզ է երևի, ով եմ ես՝
մի կին ով ապրում է 3րդ հարկում,
ում կողքը երբեք տղամարդ չի երևում
մտածում եմ եթե ես տղամարդ լինեի
ներքևի հարևան կոշկակարը կարիք չեր ունենա
ոչ էլ ցանկություն հայացքը վերև գցելու
ու ես հանգիստ կտեղավորվեի աշխարհում
օրը ցերեկով
աննկատ
հարևանների հայացքներից հեռու
տան տերը ասում էր կողքի հարևանը
մարմնավաճառ էր,
ում տունը բառդակ էր, ամոթ էր, անշնորհք էր
ու լավ է, որ այլևս այստեղ չի ապրում,
իսկ դա այդպես չէ՞, որ մենք էլ
թաքուն կատու ենք պահում
այո, սա է միակ արական սեռի կենդանի մարմինը,
ով անկողմնում իմ կողքին է քնում,
իսկ առավոտները ամառվա վերջին շնչից փչած
խոհանոցում հայտնված մորեխներին է որսում,
գլուխը մարմնից պոկում
անամոթի պես
խաղ անում
տերևները դեղնում են աչքիս առաջ, մարմնիս մեջ
ինչ որ մի բան դանդաղել է
ու դանդաղացած եմ դիտարկում դիմացի լուսամուտները
արևի լույսի տակ մաշկագույնի վերածված շենքերը
տեղավորված իրար մեջ, իրար տակ, ու կողք
թաքնված մարմինների պես
մաշկագույն հայացքները դեպի ինձ են գցել
գլուխները հակառակ կողմ թեքած,
ու ձևացնում են շենքերը թե ինձ չեն հետևում
ինձանով չեն հետաքրքրվում
իմ մասին չեն բամբասում
փակ պատուհաներրի տակ
մեր տնից դեպի դուրս միայն իմ ծխելն է տեսանելի
ու կատուն, ով պատուհանագոգին ցցված
դիմացի ծառի մեջ նստած ծտերին է հետևում,
կատուն ով միակ արական սեռի կենդանի էակն է
ով իմ հետ միասին է ապրում
թաքուն ու ազատ
No comments:
Post a Comment