ինձ թվում ա լավ եմ
ինքս իմ հետ եմ
ես ու ես
գալիս ենք գնում
տան սենյակներով
բալկոնում նստում
ծխում
հեղափոխության մասին
հոդվածներ կարդում
հետո գնում խոհանոց
վինիգրետի համար
բանջարեղեն կտրում
մեջը աղ ու ձեթ լցնում
խառնում ու մտածում
որ սիրելու համար երևի ամենաշատը
համբերություն ա պետք
երևի էսպես մենակ մնալ ա պետք
սիրեկանին թոքերից բաց թողնել ա պետք
շնչել ա պետք
ու երևի սիրելու համար
հայելու մեջ նայել ա պետք
ինձ թվում ա լավ եմ
գնում եմ կատվին դրսից տուն եմ բերում
ու գալիս նորից բալկոնում նստում
ու մութ ծառերին եմ նայում
ինչպես միշտ երեկոյան ժամերին
վախենում
որ մեռնում եմ
կամ էլ ուղակի ուշադիր եմ
ժամանակի նկատմամբ
ինքս ինձ չեմ խաբում
չեմ սպասում
որ եվրոպան կգա
որ ժողովրդավարություն կա
որ արդարությունը ձրի ա
որ մարդու իրավունքները հնարավոր ա
պաշտպանել
որ հնարավոր ա զենքով հարց լուծել
որ խաղաղությունը մեզանից դուրս
մի բան ա
երևի լավ եմ
ինքս իմ հետ
հասկանում
որ մեռնում եմ
մեկ ա
բոլորս մեռնում ենք
No comments:
Post a Comment