ստացա՞ր քո հրաբուխը
ուզում էիր այրող կիսահում քարերի համը տեսնել
հողից քեֆ-ուրախություն քաղել
դե ստացիր
ստացիր ու ընդունիր տաք ապտակը
զգա դաղող հսկայական ձեռքի ափի հատակը
կրկին դարձիր էն վեց տարեկան շան լակոտը
դե կեր
կեր վայրենի դարձած հորդ կողմից բոլոր տեսած ու չմարսած սարսափները՝
փլատակների միջից փնտրված ու գտնված մարմնի մասերը
գրկումդ մահացող ջահել զինվորի վերջին ահը
ճակատիդ սեղմված հրացանի անհոգի ու սառը ծայրը
գողերի կողմից քո բարի մարդ լինելու թալանը
դե զգա
քացով տված փորիդ ցավը
դե զգա հաստավզերի անգրագետ գոռոց հրամանները
դե զգա վերևներում նստածների ժողովրդի վրա թքած ունենալը
դե զգա ժողովրդի ինքն իրա վրա թքած ունենալը
դե հիասթափվի ու գնա
տուն հետ չգաս
գնա ու դարձիր մշուշապատ մանկությանը կարոտ,
գնա ու մոռացիր լեզուդ որ չիմանաս թե ինչ ես ապրել
որ չվերապրես բառերից բխող հիշողությունների հրաբուխը
քարերը սառեցին երկրի մակերեսին
դու էլ քար դարձած
ժխտում ես քամու քար քայքայելու ուժը
հանկարծ ավազ չդառնաս
No comments:
Post a Comment