երբ դու գնացիր քաղաքը ինձ էլ լքեց
ու
ջնջեց
մեզ
պատկանող
հուշերը
փողոցներից
նույնիսկ երկինքը փակվեց գլխիս վերևում
առաստաղն էլ քանդվեց
ու ինձանից բացի ոչ մեկ չնստեց սեղանի շուրջ ընթրելու իմ հետ
ու հիմա էլ կապ չունի որ ժամին կգամ տուն երբ դու էլ չկաս տան մեջ
չկան իրերը քո կախված պահարանում
ու բուդդան, որ ջարդվեց
էլ կապ չունեն բոլոր պահերը, որ հոգնեցնում էին նույնը մնալով
ես քեզ հետ ապրելու օրերի ձանձրույթն եմ ուզում
ու երևի էլ չեմ ապրի կրկնելով ինձանից բացի ուրիշ ոչ մեկին
ու չեն լինի առիթներ ձանձրանալու ինձանից բացի ուրիշ ոչ մեկից
ուրիշը կդառնամ էս քաղաքի պես
ուրիշը չի կրկնվում իմացվածի պես
քաղաք, որ ինձ երբեք էլ չի ճանաչել
ես, ով պտտվեցի ու պտտվեցի փորձելով կարոտը կանխել
կարոտ՝
իմ
մարմնի
մաս
մարմնի ցավոտ մաս
ես,
ով
կրկնվեցի
ու
կրկնվեցի
քո
հետ
ես,
ով
ինձ
նույնպես
լքեց
անծանոթ
քաղաքի
պես
ես, որ ուրիշն եմ նորից երբ չկանք մենք
No comments:
Post a Comment