Wednesday, July 20, 2016

ոնց ես



ինձ թվում ա լավ եմ
ինքս իմ հետ եմ
ես ու ես
գալիս ենք գնում
տան սենյակներով
բալկոնում նստում
ծխում
հեղափոխության մասին
հոդվածներ կարդում
հետո գնում խոհանոց
վինիգրետի համար
բանջարեղեն կտրում
մեջը աղ ու ձեթ լցնում
խառնում ու մտածում
որ սիրելու համար երևի ամենաշատը
համբերություն ա պետք
երևի էսպես մենակ մնալ ա պետք
սիրեկանին թոքերից բաց թողնել ա պետք
շնչել ա պետք
ու երևի սիրելու համար
հայելու մեջ նայել ա պետք

ինձ թվում ա լավ եմ
գնում եմ կատվին դրսից տուն եմ բերում
ու գալիս նորից բալկոնում նստում
ու մութ ծառերին եմ նայում
ինչպես միշտ երեկոյան ժամերին
վախենում
որ մեռնում եմ
կամ էլ ուղակի ուշադիր եմ
ժամանակի նկատմամբ
ինքս ինձ չեմ խաբում
չեմ սպասում
որ եվրոպան կգա
որ ժողովրդավարություն կա
որ արդարությունը ձրի ա
որ մարդու իրավունքները հնարավոր ա
պաշտպանել
որ հնարավոր ա զենքով հարց լուծել
որ խաղաղությունը մեզանից դուրս
մի բան ա

երևի լավ եմ
ինքս իմ հետ
հասկանում
որ մեռնում եմ
մեկ ա
բոլորս մեռնում ենք

Friday, April 22, 2016

փայլուն փոշի եղած


ես կապտուկներով պատված
խոցելի կենդանի եմ

չկպնես ինձ

ուղղակի արի ինձ մոտ
ու թող
լսեմ քո շունչը
որ օվկիանոսի ալիքներ են
տանում բերում
մարմնիս մեջ

ես հասած միրգ եմ
քո ձեռքերի մեջ աճեցրած
անպարտելի
անպատռելի

արի ու ինձ ոչնչացրու նորից
թող ցնդեմ ու լուծվեմ
քո մարմնի մեջ
քո կողքը

ես մարմին չունեմ

ես անմարմին գոյություն եմ
ջրի մեջ շնչող մամուռ
սահուն մի բան
գունավոր եռանդ
երկինք անսահման

արի ու փչի ինձ
որ սողամ վեր
դեպի տիեզերք
ու դառնամ աստղեր աղացած
ու գոռամ ու գոռամ
հաճույքի ցավից

ետ ընկնեմ երկիր մոլորակ
փայլուն փոշի եղած