քանի շերտ սուտ ինքս ինձ պատմեցի,
պտտվեցի շունչս պահած
ամեն մի բաց պատուհանի շուրջ,
որ հանկարծ մտքովս չանցնի
ցած նետվել
համոզեցի ինքս ինձ, որ չեմ ուզում խրվել
աշխարհի հում կարմիր սրտի մեջ
երբ պատերազմից մասնատված
դեռ բաբախող մի ձեռք
ինձ ներս քաշեց ու ստիպեց
լսել որբ տղաներին
անապատի փոշոտ թոքերի մեջ
որոնում էին ինչ որ մի ծով
հողի մեջ իրենց թաղված ձեռքերով
ու շնչելու փոխարեն, ոռնում էին
ու տեսնելու փոխարեն, փորում էին
որ վերջապես խորտակեն
բռնաբարված կանանց լռությունը
ու չտրվեն քարացնող վրեժի ջրերին
ու չկոտրեն դեռ աճող ոսկորները
առնական գետի քարերին խփվելով
աչքերը փակ հոսքին տրվելով
հնազանդվելով
հնազանդվելով
հնազանդվելով
ես սիրելուց թուլացած ալիքներ էի
աղոթքի բերանից կախված
նրանք՝ մղձավանջի աներես պատերին
գլուխներն էին խփում
շշմած ու սոված ու անճար
ծովը տենց էլ չեկավ որ պատասխանի
մեր հարցերին
ու ոչ էլ կար պատասխան
կամ պատմություն
որ մենք մեզ պատմեինք
ու ազատվեինք
ցամաք քարերի վկայությունից
ոչ էլ երկինքն էր բաց
ոչ էլ կտուր էր հողին վատնած
երազանքների մնացորդներին
երբ վերջապես մոտեցա որբ տղաներին
չորացած աչքերով ու չհավատալով
ոչ մի բանի
որոշեցի կոկորդիս եզրին նստած
սիրտը աքսորել մարմնիցս
նվիրել սիրուց զրկված ուրիշներին
թող բազմապատկեն, վերարտադրեն
կամ կիսեն հազար մասերի
ուտեն կշտանան
հարվածեն, ձեվափոխեն
կոտրեն կամ բուժեն
լսեն թե անտեսեն
կամ որպես բռունցք
օգտագործեն
չարանալու դեմ
No comments:
Post a Comment