Monday, July 8, 2013

ավազ չդառնալու ցավը

ստացա՞ր քո հրաբուխը
ուզում էիր այրող կիսահում քարերի համը տեսնել
հողից քեֆ-ուրախություն քաղել
դե ստացիր
ստացիր ու ընդունիր տաք ապտակը
զգա դաղող հսկայական ձեռքի ափի հատակը
կրկին դարձիր էն վեց տարեկան շան լակոտը
դե կեր
կեր վայրենի դարձած հորդ կողմից բոլոր տեսած ու չմարսած սարսափները՝
փլատակների միջից փնտրված ու գտնված մարմնի մասերը
գրկումդ մահացող ջահել զինվորի վերջին ահը 
ճակատիդ սեղմված հրացանի անհոգի ու սառը ծայրը
գողերի կողմից քո բարի մարդ լինելու թալանը
դե զգա
քացով տված փորիդ ցավը
դե զգա հաստավզերի անգրագետ գոռոց հրամանները
դե զգա վերևներում նստածների ժողովրդի վրա թքած ունենալը
դե զգա ժողովրդի ինքն իրա վրա թքած ունենալը
դե հիասթափվի ու գնա

տուն հետ չգաս

գնա ու դարձիր մշուշապատ մանկությանը կարոտ,
գնա ու մոռացիր լեզուդ որ չիմանաս թե ինչ ես ապրել
որ չվերապրես բառերից բխող հիշողությունների հրաբուխը

քարերը սառեցին երկրի մակերեսին
դու էլ քար դարձած
ժխտում ես քամու քար քայքայելու ուժը

հանկարծ ավազ չդառնաս

(չկա վերնագիր ու չի լինելու երբեք)

որ գիտեմ քեզ կարոտելու եմ
որոշեցի հիմա էլ սկսել
կիսել իմ մեջ ամեն ինչ
ու կիսվել
կիսվելով դառնալ ամառվա շփոթող շոգն
ու ձմեռվա դեռ չզգացած դաղող ցուրտը
հուլիսի արևի տակ չորացնել կարոտը
որ դեկտեմբերի գիշերվա կեսին չրի տեսքով
ուտեմ հիշողության տաքացնող շողերը 
քո մարմնի պակասը
որ հետո քաղցած ընկնեմ մութ ու ցուրտ
անծանոթ փողոցներով
ձյուն ուտեմ
ուտեմ
ու պատկերացնեմ
քամին քո շունչն է
ու սառույցը քո գիրկը
ընկնեմ քո գիրկը
դու դառնաս ձմեռ
մտնեմ քո մեջ
հնարավոր հող
գտնեմ քո մեջ
քնեմ 
քո մեջ

աղոթք

շնորհակալ եմ մթության ժամը 2ին
բաց բալկոնին, տարվա ամենաերկար
օրին ու հունիսի վերջին լիալուսնին
շնորհակալ եմ իմաստուն քամուն
որ զգույշ հպվում է 3րդ հարկին հասած
ծառերի տերևներին, իմ դեմքին
ու վերմակով ծածկված մարմնին
շնորհակալ եմ ծառերին որ լուռ վկա են
ու չեն մեղադրում իմ մտքերին
միտք լինելու մեջ
շնորհակալ եմ սրտիս միջի տխուր երգին
որ բերանիցս դողալով իր ձայնն է գտնում
ու ինձ բաց թողնում
շնորհակալ եմ հող֊մարմնին, իր միջի կյանք տվող
բոլոր գետ֊երակներին ու դեռ շնչող թոգերին
շնորհակալ եմ կյանքի փոթորիկ փոփոխություններին
նույնիսկ շնորհակալ եմ որ արմատահան եմ լինում
ու ստիպված գետնի տակի թաղած ստվերի դեմքին նայում
շնորհակալ եմ որ ամեն օր կարողանում ներել ու սիրել
շնորհակալ եմ որ ամեն օր կարողանում եմ զգալ ու ապրել
շոնրհակալ եմ որ ամեն օր կարողանում եմ նորից սկսել
շնորհակալ եմ ընդմիշտ կողքիս կանգնած
իր ծանր ներկայությամբ խորհուրդ տվող
հին ոգուն, հոգատար ջադուն,
ագռավասիրտ ու սիրուն
ջերմ ու անվերջ լույիսն