Saturday, August 16, 2014

սիրո ու պատերազմի մասին

կրկին սպասում եմ դեպի երկինք մեկնող աղոթքին
որ լցնեմ կլկլացող երգը թոքերիս մեջ,
որ ապացուցեմ հորինված աստծուն
ես եմ իրական բարեպաշտ երկրպագուն

ու կփակեմ բոլոր աղբյուրները հեկեկանքի

կուլ կտամ անիմաստ տարածքը մեզ բաժանող,
որ ցավից կոկորդս լցվի տաք փամփուշտներով
որ խոսքերի փոխարեն անցյալ պատերազմից
լուռ սահմանն անցնի մահացած թշնամին

թող ինձ աստված թշնամին բացատրի,
թե ինչպես են ժամանակը չափող գործիքները
կորում աշխարհից, թե ինչպես են ցնդում
մանկական երազանքները ժողովրդի

և շուրջ բոլորը ստում են՝
մարտական դաշտից վերադարձած,
կոտրված մարմիններով շարունակում են
ռազմական պար պարել քաղաքի առցանց անկյուններում,

իսկ երազանքի մութ կողմից հոգին է կոտրվում

հոգին է սառցե օվկիանոս
չի հալվում, կոտրվում է
ու դառնում սուր փշուրներով ծամելու հարց,
որ մենք մեզ երբեք չենք տալիս

երբ համաձայնվեցինք ապրել
փշալարված երկնքի տակ,
որտեղից աստվածներ են արտագաղթում,

երբ ընդունեցինք կրել
զենք արտադրողներին հարստացնող
արյունոտված ռազմական զգեստը,

երբ հանձնեցինք գոյության տարածքը
ոչ մեկիս ներկայում չապրող ձիերի վրա նստած
առնական հերոսներին,

երբ տրվեցինք կիսատ պատմության
ներսում ապրող ատելություն քարոզող
դատարկ ձայներին,

երբ կորցրեցինք
մեր մեջ տեղը,

հավատցինք սահման գծող ջնջող հնարքներին,
հավատացինք մեզ բաժանող օտարությանը
ու բաց թողեցինք պարզ ու սև երկնքից
մեզ ձգտող աստղերը

ինչ մոտիկ էին, երբ սիրում էինք
ինչ հեռու են, երբ այլևս չենք հավատում սիրուն

No comments:

Post a Comment