Tuesday, March 2, 2021

-


տխրությունը քարշ է գալիս տնով մեկ, կիսատ
մարմնի հետքեր թողնում լամինատի վրա։
թախծոտ փռվում մահճակալին, աթոռներին,
գորգի վրա՝ կատվից թափված մազերի կողքին։
նայում է տեղ տեղ գնդված մոխրագույն փռչերին,
խորհում մարմնի մեռած մասերի մասին։
իմաստ չունի հետևից ընկնել, մաքրել։

այսքան ծանր փոշի դեռ չեմ տեսել։
այն գալարվում է անկյուններում, 
առաստաղից ցած իջնում 
ձյան նման - բայց ոչ սպիտակ։
այն ստիպում է լույսերը լռեն։

դժվար է խամրած լույսի տակ տեսնել
մաշկի տակից աճող բորբոսը,
հին ու հարազատ կանաչ գույնի,
կապույտին խփող - բայց ոչ երկնագույն։
երկինքը բացակա է այստեղ,
ձայն, որը կարող էր բացվել 
ոչ խոսալու համար, ոչ էլ հնչելու։

տխրությունը բորբոսնում է մատերիս արանքում -
անհոտ, անհամ։ 
կախվում է ուսերիցս, պարանոցիցս,
ցած քաշում։ շուտով ես կիսատ մարմինն եմ
տան հատակների վրա սողացող։ շուտով
չունեմ ձեռքեր, ոտքեր։ թանձր հեղուկ եմ ես,
ծորում եմ դանդաղ։ տարածվում
լամինատի տակ ծակուծուկերիում։